Համո Սահյան – Հայաստան ասելիս

Հայաստան ասելիս այտերս այրվում են,

Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,

Չգիտեմ` ինչու՞ է այսպես:

Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,

Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,

Չգիտեմ` ինչու՞ է այսպես:

Հայաստան ասելիս աչքերս լցվում են,

Հայաստան ասելիս թևերս բացվում են,

Չգիտեմ` ինչու՞ է այդպես:

Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է,

Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է.

Կլինե’մ, կմնա’մ այսպես:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *